Արարատ (թուրք.՝ Ağrı Dağı, քրդ.՝ Çiyayê Agirî, գրաբար՝ Մասիս), հանգած հրաբուխ Հայաստանի, Իրանի և Թուրքիայիսահմանի մոտ՝ Արաքս գետի աջ ափին, ներկա սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[1]։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է[2]։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։
Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։
«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։ Լեռան թուրքերեն անունը Ağrı Dağı է, ağrı՝ բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք։
No comments:
Post a Comment